Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 9

:
Armenian - 2018
1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։
2 Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։
3 Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։
4 Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։
5 Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։
6 Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։
7 Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։
8 Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում,
9 որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» ։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։
10 Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։
11 Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։
12 Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։
13 Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։
14 Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։
15 Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։
16 Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։
17 Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։
18 Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։
19 Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։
20 Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։
21 Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։
22 Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։
23 Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։
24 Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։
25 Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։
26 Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով,
27 այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։